Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կաշվե գնդակի քմայքները

Կաշվե գնդակի քմայքները
13.12.2013 | 12:20

ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ԿԱՅՈՒՆ ԳԻՆՆ ՈՒՆԻ
Չեմպիոնների լիգայի խմբայիններն ավարտված են, play-off դուրս եկած բոլոր ակումբները` հայտնի: Այլ հարց է, թե արդյո՞ք բոլոր ուժեղներն են այնտեղ: Իսկ եթե բոլոր ուժեղները չեն այնտեղ, մեղավոր չպիտի փնտրել շուրջբոլորը. դրանից մի տեսակ հերետիկոսության հոտ է գալիս: Իսկ գուցե բոլոր ուժեղները չեն այնտեղ այլ շահագրգռություններ ունենալու պարզ մոտիվացիայով… Սակայն եկեք հենց այստեղ էլ ժամանակավորապես առկախվենք ու դառնանք բուն ինչ-ինչոցին:

ԼԻՆՈՒՄ ԵՆ ԵՎ ՎԱՏ ԵՂԱՆԱԿՆԵՐ
Սկսենք ստամբուլյան հանդիպումից ու այդ սկզբի համար հիմք բնավ էլ չընդունենք այն իրողությունը, որը խաղն սկսվեց երեքշաբթի կեսգիշերին ու ավարտվեց սոսկ չորեքշաբթի երեկոյան յոթի-ութի կողմերը: Ընդամենը ութ րոպե պահանջվեց Մեծն եղանակից խաղադաշտի կանաչն ամբողջովին ճերմակ ներկելու համար: Այդ ամենը կարող էր չափազանց պոետիկ դիտվել, եթե չլիներ հանդիպման ստամբուլյան կողմերի ոչ պոետիկ տրամադրությունը. «Գալաթասարային» միայն ու միայն հաղթանակ էր պետք, «Յուվենտուսը» հրաշալի հասկանում էր, որ եթե միավոր էլ տանի Թուրքիայից, քթից գալու գնով է լինելու, որովհետև տեղի հանդիսատեսը նախամարդու կարգի անկանխատեսելի է` արյունարբության աստիճանի: Ասելիքը չխորացնենք գոնե մեզ համար ցավոտ իրողությունների հիշատակումներով, հարցը չքաղաքականացնենք, մնանք ֆուտբոլային թեմայի մեջ ու միանգամից ասենք` ի հաշիվ հանդիպման ժամանակ արձանագրված միակ գոլի, թուրքերը Չեմպիոնների լիգայում են, իտալացիները` Եվրալիգայում: Իհարկե, միանգամայն այլ հարց է, թե «Գալաթասարայը» այնտեղ ի՞նչ ունի անելու, բայց Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունը նույնությամբ կարող է հարցը երկրորդել և ռուսական «Զենիթի» պարագայում, որն իր վեց միավորով նույնպես այնտեղ է, իսկ տասներկու միավոր վաստակած «Նապոլին»` ոչ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ
Նյութն այս կերպ ներկայացնելը, ինչ խոսք, կանոնիկություն սիրող ընթերցողի համար փոքր-ինչ անհարմար կլինի, սակայն, ի վերջո, եկեք ընդունենք` այս փուլում ի՞նչ նշանակություն ունի, թե ով որ խմբից է դուրս եկել play-off: Դուրս եկողը եկել է, դուրս չեկողը դուրս չի եկել: Շատ ավելի կարևոր են զարգացումները, որոնց շուրջ էլ կառուցելու ենք նյութը` այն բաժանելով ենթագլուխների:

ԻՐԱՐ ՄԵՋ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԱԾՆԵՐԸ
Սրանք էին` «Գալաթասարայն» ու «Յուվենտուսը» (B խումբ), «Շալկեն» ու «Բազելը» (E խումբ), «Նապոլին» ու «Արսենալը» (F խումբ), «Միլանն» ու «Այաքսը» (H խումբ): Առաջին զույգի մասին արդեն ասել ենք, կրկնելու հարկ չկա: «Նապոլի»-«Արսենալ» դիմակայությունում վիճակն այնպիսին էր, որ երեք գոլի առավելությամբ հաղթանակն իտալական թիմին կարող էր հանել հաջորդ փուլ` լիովին ավտոնոմ պահելով «Մարսելի» հետ խաղում Դորտմունդի «Բորուսիայի» հաղթական հանդիպման ելքից: «Նապոլին» մասամբ կարողացավ լուծել խնդիրը: Ասում ենք` մասամբ, որովհետև 2:0 հաշվով հաղթանակը միավորներով նրան ընդամենը հավասարեցրեց «Արսենալին», սակայն լրացուցիչ գործակիցներով թողեց երրորդ հորիզոնականում: Ասել է` Չեմպիոնների լիգայից դուրս: Այստեղ առաջ ընկնելով ասենք, որ մեջտեղում շահեց «Բորուսիան»` նույնքան միավորով, սակայն լրացուցիչ գործակիցների հաշվին խմբայինում դուրս գալով առաջին հորիզոնական: ՈՒ քանի որ դորտմունդցիներին չենք անդրադառնալու համապատասխան ենթագլխում, ասենք, որ այն չափազանց ծանր խաղ ունեցավ Մարսելում` ահռելի նյարդերի հաշվին միայն 2:1 հաշվով հաղթելով մրցակցին, որը, ի դեպ, հանդիպման զգալի հատվածն անցկացրեց տասը հոգով:
«Շալկե»-«Բազել» ու «Միլան»-«Այաքս» դիմակայություններում վիճակն այնպիսին էր, որ գերմանացիներին պարտադրաբար հաղթանակ էր պետք, մինչդեռ իտալացիները կարող էին գոհանալ և ոչ-ոքիով: Երկուսն էլ հասան ցանկալիին: «Բազելի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակը «Շալկեին» հանեց աղյուսակի բաղձալի երկրորդ հորիզոնական, իսկ «Այաքսի» հետ ունեցած գոլազուրկ ոչ-ոքին «Միլանին» պահեց նախապես ունեցած երկրորդ հորիզոնականում:

ԻՐԵՆՑ ՀԱՐՑԵՐԸ ՀԵՌԱԿԱ ԿԱՐԳՈՎ ԼՈՒԾԱԾՆԵՐԸ
Այստեղ էին` «Բորուսիան» (F խումբ), «Բայերը» (A խումբ), «Օլիմպիակոսն» ու «Բենֆիկան» (C խումբ), «Զենիթն» ու «Պորտուն» (G խումբ): «Բորուսիայի» մասին արդեն խոսել ենք, ուստի շրջանցենք: «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղում «Բայերին» գոհացնում էր անգամ նվազագույն հաշվով հաղթանակը, սակայն պայմանով, որ «Շախտյորը» կպարտվի «Մանչեստր Յունայթեդին»: Պատվերով համերգը կայացավ ու, ընդ որում, պահանջվող նվազագույն հաշվի սահմաններում: Ի դեպ, նվազագույն հաշիվ է գրանցվել, և ուկրաինա-անգլիական դիմակայությունում: Իրենց հանդիպումներում հաղթեցին թե՛ «Օլիմպիակոսը», թե՛ «Բենֆիկան». առաջինը` խմբի հետնապահ «Անդերլեխտին» (3:1), երկրորդը, բնականաբար, խմբի առաջատարին` ՊՍԺ-ին (2:1): Սակայն քանի որ լրացուցիչ գործակիցները հօգուտ հույների էին, նրանք էլ դուրս եկան play-off-ի փուլ: Ինչ վերաբերում է «Պորտուին», նրա բախտը չբերեց, որ մրցակիցը խաղային փայլուն որակներ ունեցող Մադրիդի «Աթլետիկոն» էր: Արդյունքում պորտուգալացիները զիջեցին 0։2 հաշվով ու կանաչ ճանապարհ բացեցին «Զենիթի» առաջ, որը թեպետ խայտառակ պարտություն կրեց «Աուստրիայից»` 4:1, սակայն, քանի որ բախտավոր աստղի տակ է ծնվել, շարունակում է իր չարդարացված գոյությունը քարշ տալ Չեմպիոնների լիգայում:

ՄՆԱՑԱԾՆԵՐԸ, ԿԱՄ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻՄԱՆԱԼՈՒ ԳԻՆԸ
Այս ենթագլխի անհրաժեշտությունը երևի չլիներ, եթե մեջներս նստած չլիներ վիճակագիրների կատաղի ցասումից ամեն գնով խուսափելու վախը, թեպետ ներկայացվելիքների մեջ կա մի զույգ, որ լիովին առանձին հիշվելու է արժանի, սակայն այդ մասին վերջում: Մադրիդի «Ռեալը» (B խումբ) թեթև զբոսաշրջություն ունեցավ Կոպենհագենում` ձեռի հետ երկու գոլ խփելով. հայերիս քաջածանոթ, համարյա պուտինյան այցի պես մի բան: «Չելսին» (E խումբ) խնայողական ռեժիմով աշխատեց «Ստյաուայի» հետ` բավարարվելով նվազագույն առավելությամբ: Ներքին առաջնության վերջին խաղից ունեցած կատաղությունը «Բարսելոնը» թափեց խեղճ «Սելթիկի» գլխին (6:1), որն անպատեհ պահին հայտնվել էր անպատեհ տեղում: Ինչ վերաբերում է «Բավարիա»-«Մանչեստր Սիթի» դիմակայությանը (D խումբ), թեպետ սեփական դաշտում կրած պարտության դիմաց անգլիացիները վարձահատույց եղան, գերմանացիներին պատժելով (3:2), սակայն ողջ աշխարհի բերանի ծամոն դարձան… հաշվել չկարողանալու համար: Պելեգրինիի խոստովանությամբ՝ իրենց թվացել էր, թե խմբում առաջին տեղ դուրս գալու համար անհրաժեշտ էր հաղթել ոչ թե 4:2, այլ 5:2 հաշվով, դրա համար էլ Սերխիո Ագուերոյին չէին հայտավորել: Հետո էլ ասում եք, թե ֆուտբոլիստներին կամ նրանց հետ զբաղվողներին ի՞նչ մի անհրաժեշտություն են թվաբանությունից ունենալիք գիտելիքները: Հիմա հասկացա՞ք, որ կյանքում ոչինչ ավելորդ չկա:

ՇԱՀԱԳՐԳՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ
Այս ենթագլուխը չէր լինի, եթե հոդվածի սկզբում շահագրգռությունների մասին ակնարկ արած չլինեինք: Մեկ էլ տեսար ընթերցողներից մեկնումեկի մեջ հարց առաջանա` հեղինակն է՞ս ինչ կուտ գցեց ու միտքն էլ կիսատ թողեց: Շտապենք ասել, որ մտքներիս առանձնակի դիտավորություն չի եղել: Պարզապես հիշել էինք, որ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությունը կայանալու է Թուրինում ու վայ թե «Յուվենտուս» կոչեցյալ «Ծեր սինյորան» ցանկացել է պառվաշորոր տալ հայրենի քաղաքում: Չգիտեմ դուք ինչպես, բայց էդ փեշավորների վերաբերմամբ մեր ունեցած դիրքորոշումն այնքան էլ միանշանակ չէ:

ԿԱՐԾԻՔՆԵՐ


ԽՈՍԵՊ ԳՎԱՐԴԻՈԼԱ («Բավարիայի» գլխավոր մարզիչ) -Երբեմն պարտություններն անհրաժեշտ են: Բունդեսլիգայում մենք շահում ենք խաղ խաղի հետևից, Մանչեստրում հաղթեցինք 3:1 հաշվով, սակայն հիմա զիջեցինք: Մենք արդեն մտածում ենք Մարոկկոյում հաջորդ շաբաթ կայանալիք աշխարհի ակումբային առաջնության մասին: Շնորհավորում եմ խաղացողներին ձեռք բերած հաջողության համար ու հուսով եմ, որ հիմա կհասկանանք, թե որքան դժվար է Եվրոպայում հաջողության հասնելը: «Մանչեստրի» հետ խաղում խաղացողներից ոչ բոլորն էին ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվում: Սրա վրա պիտի աշխատել, սա դասերից մեկն է, որն այս հանդիպումից հետո պիտի սերտել:
ՄԱՆՈՒԵԼ ՊԵԼԵԳՐԻՆԻ («Մանչեստր Սիթիի» գլխավոր մարզիչ) -Դա շատ կարևոր հանդիպում էր: Առաջին հերթին մենք ուզում էինք վրեժխնդիր լինել Մանչեստրում կրած պարտության համար: Այդ օրը մենք շատ վատ խաղացինք: «Բավարիայի» ու իմ թիմի միջև տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Առաջին տասնհինգ րոպեն մենք վատ էինք դիտվում, սակայն երբ սկսեցինք գնդակը վերահսկել այնպես, ինչպես գիտենք, խաղը հավասարվեց: Այդպիսով, մենք հաղթեցինք այստեղ ու երեք գոլ խփեցինք առանց Կոմպանիի, Ագուերոյի, Յայա Տուրեի ու Նասրիի: Մենք շատ լավ թիմ ունենք, ու սա կարևոր հաղթանակ է: Ես որոշակի կասկածներ ունեմ «Բավարիայի» խփած գոլերի առնչությամբ, կարծում եմ՝ դրանցից մեկը խփվել է խաղից դուրս վիճակում:
ԼՈՐԱՆ ԲԼԱՆ (ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ) -Առաջին խաղակեսում ֆուտբոլիստները իրականացրին առաջադրված խնդիրը, ու ամեն ինչ լավ էր գնում, սակայն խաղի երկրորդ կեսին մենք թուլացրինք տեմպն ու մրցակցին հնարավորություն տվեցինք կոտրելու խաղի ընթացքը, ինչն էլ բերեց պարտության: Մեզ ոչինչ չի մնում, բացի դասեր քաղելուց ու առաջ ընթանալուց:
ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈ («Չելսիի» գլխավոր մարզիչ) -Մեր խաղը դժվար է արտակարգ համարել, սակայն մենք հարմարավետորեն ձեռք բերեցինք երեք միավորը, ու դա միանգամայն բավարար էր: Առանց նյարդեր քայքայելու մենք ներդրեցինք այնքան ուժ, որքան անհրաժեշտ էր հաղթանակի համար: Խփեինք երկրորդ գոլը, կարող էինք ցուցադրել ավելի տպավորիչ ֆուտբոլ: Սակայն երկրորդ խաղակեսին մենք արդեն գիտեինք, որ «Շալկեն» հաղթում է 2:0 հաշվով, իսկ այդ դեպքում մեզ բավարարում էր անգամ ոչ-ոքին: Մենք առաջ պիտի ընթանանք աստիճանաբար: Իմ խաղացողներից ոմանք դեռևս չեն մասնակցել Չեմպիոնների լիգայի play-off-ին, ու սա նրանց համար նոր փորձ կլինի: Խմբային փուլն ու Եվրոպայի լիգան, բոլոր դեպքերում, տարբեր մակարդակներ են: Նույնը կարելի է ասել և մեկ քառորդ եզրափակչի մասին: Եթե մեզ հաջողվի հասնել այնտեղ, դա բոլորովին այլ պատմություն կլինի: Հիմա մենք կկենտրոնանանք տնային խաղերի վրա, և դրանցում հաջող մասնակցությունը լավ հիմք կհանդիսանա Չեմպիոնների լիգային նախապատրաստվելու համար: Խմբերի հաղթողները, բնականաբար, մրցաշարում հաղթանակի գլխավոր հավակնորդներն են, սակայն երկրորդ տեղ գրաված թիմերի մեջ էլ կան շատ ուժեղ մրցակիցներ: Մեզ կարող են բաժին հասնել Ռուսաստանի ու Հունաստանի չեմպիոնները: «Բայերը» որակյալ ու շատ ուժեղ գերմանական թիմ է: Առանձին խոսել «Միլանի»` Չեմպիոնների լիգայի յոթակի հաղթողի մասին, կարծում եմ՝ իմաստ չունի: Նույն կերպ ոչ մի առավելություն չի տալիս պատասխան խաղը սեփական դաշտում անցկացնելը: Ինձ համար նշանակություն չունի, որտեղ ենք խաղում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ